«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Սեփական բակում հեղինակություն ներկայացող ջահելի կեցվածք

Սեփական բակում հեղինակություն ներկայացող ջահելի կեցվածք
15.03.2025 | 13:40

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «ուժեղ» հայտարարություն արեց, ինչը բնորոշ է «կինոյի լավ տղային»։ Ասաց՝ «եթե ես գերի ընկնեմ կամ ինքնաթիռում լինեմ, խփե՛ք»։ Ինքնազոհության ինչպիսի՜ պատրաստակամություն։ Ասենք՝ մալադեց ու հարցնենք՝ պարոն, ի՞նչ կապ ունեն իրար հետ գերի ընկնելն ու ինքնաթիռում գտնվելը։ Սա՞ է ՀՀ երկրորդ դեմքի խոսքի գրագիտությունը։ Դու կարող ես ինքնաթիռում լինել, բայց ոչ գերված, իսկ գերվելու դեպքում, հաստատ, ինքնաթիռում չես լինի։ Քո ինքնաթիռը սովորաբար թռչում է Մայամի, Բալի, Աբու Դաբի, Մոնակո, Մոնտե Կարլո, մի խոսքով՝ որտեղ ծով կա, տաք է, և հնարավոր է ըմբոշխնել կյանքի պերճանքն ու հրապույրը։ Ի՞նչ անենք, քո հորդորով խփե՞նք ինքնաթիռին։ Իսկ ինչ վերաբերում է քո գերի ընկնելուն՝ դու հիմա հո չե՞ս գնա Ակնա՝ նուռ ուտելու և նկարվելու, որ հանկարծ գերի ընկնես։ Իսկ Երևանի կենտրոնում ինչու՞ պիտի գերի ընկնես: Ուրեմն, ասածդ ընդամենը գլուխգովան հայտարարություն է և ակնարկ Բաքվում գտնվող հայերին, որոնք ինքնասպան չեն եղել, մինչդեռ՝ «եթե ես գերի ընկնեմ...»։ Բայց այստեղ էլ է քո ոտքը պլստում, իսկույն երևում է, որ մեկ օր անգամ չես եղել ճաղերի հետևում, այլապես կիմանայիր, որ բանտում գտնվողը նույնիսկ ի զորու չէ իր խցի լույսը գիշերն անջատելու, ուր մնաց... Մանավանդ որ, տասնյակ տեսանելի ու անտես աչքեր շարունակ վերահսկում են հատկապես նրանց, ովքեր հիմա Բաքվում են։ Այնպես որ, իբրև պետական այր քեզ ծանր պահիր և սեփական բակում որպես հեղինակություն ներկայացող ջահելի կեցվածք մի ընդունիր։

Հ.Գ. Տանել չեմ կարողանում պոռոտախոսությունը։ Այսօր ՖԲ-ում պատահաբար կարդացի, որ ԱԺ նախագահը դիմել է իրավապահներին, քանի որ իրեն ու իր ընտանիքին ՌԴ-ից մի հայ ֆեյսբուքում սպառնացել է հաշվեհարդար տեսնել։ Բա ասում էիր՝ «եթե ես գերի ընկնեմ...»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3054

Մեկնաբանություններ